«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի պատասխանատու Գագիկ Վանոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ միջադեպի պատճառը պաշտոնական ելույթի ընթացքում թույլ տրված վրիպակն է եղել։
Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ։
Նշվում է, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տեղեկությունը լարվածություն և զարմանք է առաջացրել կառավարության ներսում։ Աղբյուրները Գագիկ Վանոյանին բնութագրում են որպես ակտիվ, պատրաստակամ և իր աշխատանքին պատասխանատու մոտեցող երիտասարդի՝ նշելով, որ նման վրիպակի պատճառով պաշտոնից ազատելու որոշումը բոլորի համար շատ անսպասելի է եղել։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին էր Գագիկ Վանոյանին վերանշանակել այդ պաշտոնում»։