
Երևանում կայացած հայ-իրանական բարձրաստիճան հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, անդրադառնալով հարցին՝ ՀՀ-ի ինքնիշխանությունը շարունակո՞ւմ է կարմիր գիծ լինել Իրանի համար, նշել է․ «Ես տնտեսական ոլորտի պատասխանատու եմ, քաղաքական հարցերը քաղաքական գործիչներին հարցրեք»։ Հարցին՝ Իրանը պլանավորո՞ւմ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ և եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ գնով, Իրանի փոխնախագահը պատասխանել է․ «Քաջատեղյակ եք, որ Իրանն աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է։ Եվ եթե Իրանն ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, էլ ի՞նչ ավելի լավ գործընկեր, քան ՀՀ-ն է, որտեղ կարող ենք արտահանել․․․ Քննարկվել են էներգետիկ համագործակցության բոլոր ուղիները․ դա կլինի գազի ոլորտին, էլեկտրաէներգիային, դիզվառելիքի ոլորտին, օդանավի վառելիքի ոլորտին վերաբերող և թե նույնիսկ Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ապահովման վերաբերյալ։ Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել է երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որն էլ ստորագրվեց»։