Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար, հայտնում է The Guardian-ը։
Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։
Օրինագիծը, որը կառավարությունն անվանում է «ծախսերի կրճատման մասին օրենք», ներկայացվել է հինգշաբթի՝ նախորդ ուրբաթ ԵՄ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո։ Այն կամրագրի սննդամթերքի և խմիչքների առևտրի դյուրացման, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների առևտրի մասին համաձայնագրերը։ Դրանք պետք է ուժի մեջ մտնեն 2028 թվականին։
Հինգշաբթի հրապարակված համաձայնագրի տեքստը հաստատում է, որ Մեծ Բրիտանիան կկարողանա մասնակցել գյուղատնտեսության, սննդամթերքի և արտանետումների ոլորտներում ապագա եվրոպական կանոնների քննարկմանն ու մշակմանը, սակայն դրանց վերջնական հաստատման ժամանակ ձայնի իրավունք չի ունենա։
Բրիտանացի բանակցողները նշանակալի ձեռքբերում են համարում այն, որ Լոնդոնը կկարողանա ԵՄ-ի հետ խորհրդակցել նոր կանոնների մշակման բոլոր փուլերում, այլ ոչ միայն դրանց ուժի մեջ մտնելուց առաջ։ Միաժամանակ համաձայնագիրը նախատեսում է այսպես կոչված «Ֆարաժի վերապահումը»՝ ֆինանսական պատժամիջոցներ այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան կամ ԵՄ-ն առաջիկա տասը տարիների ընթացքում հրաժարվեն կատարել պայմանավորվածությունները։
Օրինագիծը նաև իրավական հիմք կստեղծի Բրյուսելի հետ ապագա համաձայնագրերի կնքման համար։ Մասնավորապես, կողմերն արդեն սկսել են աշխատել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու մասին համաձայնության շուրջ։ Նոր համաձայնագրերը կկարողանան ձևակերպվել որպես «գործընկերության պայմանագրեր» և իրականացվել նույն օրենքի հիման վրա։
Աջակցություն հայտնելով օրինագծին՝ Նախարարների կաբինետի նախարար և գլխավոր բանակցող Հեմիշ Ֆալքոներն ընդդիմադիր կուսակցություններին, դրանց թվում՝ Քեմի Բադենոքի գլխավորած պահպանողականներին և Նայջել Ֆարաժի կուսակցությանը, կոչ է արել աջակցել փաստաթղթին։
«Ներկայիս իրավիճակը չի գործում։ Բրեքսիթն ավելի շատ վնաս է բերել, քան օգուտ»,- գրել է Ֆալքոները ընդդիմությանն ուղղված իր ուղերձում։ Ըստ նրա՝ օրինագծին դեմ քվեարկելը նշանակում է պահպանել ծախսատար բյուրոկրատիան և առևտրային խոչընդոտները, որոնք բրիտանական ընկերություններին խանգարում են ընդլայնել իրենց գործունեությունը Եվրոպայում։
Կառավարության գնահատմամբ՝ նոր պայմանավորվածությունները եվրոպական շուկաները կբացեն բրիտանական մի շարք ապրանքների , մասնավորապես՝ լինքոլնշիրյան նրբերշիկների, բուրգերների, սերմացու կարտոֆիլի և փափկամարմինների համար։ Դա թույլ կտա գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ավելացնել մոտ 16%-ով և մինչև 2040 թվականը երկրի տնտեսությանն ապահովել տարեկան մինչև 5,1 միլիարդ ֆունտ ստեռլինգի հավելյալ արդյունք։ Համաձայնագիրը նաև նախատեսում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև առևտրի դյուրացում։
Երիտասարդների շարժունության մասին առանձին համաձայնագիրը, որը նախատեսում է ընդհանուր առմամբ 100 հազար վիզայի տրամադրում ԵՄ երկրների երիտասարդ քաղաքացիներին, առայժմ չի հրապարակվել։ Միևնույն ժամանակ սննդամթերքի ոլորտում առևտրային պայմանավորվածությունները կապված կլինեն վիզաների մասին համաձայնագրի կատարման հետ. եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի իր պարտավորություններից, առևտրային արտոնությունները կարող են չեղարկվել։
Չլուծված է մնում նաև բրիտանական համալսարաններում ԵՄ քաղաքացիների ուսման վարձի հարցը։ Եվրամիության աղբյուրները պնդում են, որ հարաբերությունների վերագործարկման շրջանակում ձեռք բերված երեք հիմնական համաձայնագրերն ուժի մեջ չեն մտնի, քանի դեռ չի կնքվել ուսման վարձի հավասար պայմանների մասին առանձին համաձայնություն։ ԵՄ խորհրդի ներքին փաստաթղթում նշվում է, որ արտանետումների քվոտաների առևտրի, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, ինչպես նաև երիտասարդների շարժունության մասին համաձայնագրերի հաստատումը չպետք է նախորդի ուսման վարձի շուրջ բանակցությունների ավարտին։
Բրիտանացի պաշտոնյաները հերքում են այդ հարցերի փոխկապակցվածությունը և պնդում, որ դրանք պետք է առանձին քննարկվեն։ Սակայն ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը հայտարարել է, որ համաձայնագրերը չեն իրականացվի, եթե վեց ամսվա ընթացքում ուսման վարձի շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերվի։
Մեկ այլ դիվանագետ Լոնդոնի մոտեցումն այս հարցին անվանել է «թունավոր»՝ այն համեմատելով բրիտանական նախկին կառավարությունների քաղաքականության հետ։