«Չեմ իմացել, որ խախտում է». Փաշինյանի նկարները գյուղի սուպերմարկետի դռան վրա. ԿԸՀ–ից զգուշացրել են, որ հանի

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի սուպերմարկետի մուտքի դռան վրա օրենքի խախտմամբ փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառները։

NEWS.am–ի ահազանգից հետո ԿԸՀ–ից հայտնեցին, որ խանութի սեփանակատերը զգուշացվել է խախտման մասին, եւ պաստառները արդեն հեռացվում են։ 

Նախքան խախտումը վերացնելը, տարածքի սեփականատեր Իշխան Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, որ դա խախտում է. «Ինքս եմ փակցրել, ոչ մի դիտավորության կամ օրենքի խախտման նպատակով չեմ արել, արել եմ զուտ համակրանքից ելնելով։ Ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողնակից եմ։ Չկա ինչ-որ պետական կառույցի պարտավորություն, կամ պարտականություն, կամ պարտադրանք։ ՔՊ անդամ չեմ, ուղղակի աջակից եմ։ Ինձ չեն տեղեկացրել, որ սա խախտում է, ես էլ չեմ իմացել»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 13–ին, Արագածոտնի մարզում ՔՊ–ի քարոզարշավին ավտոբուսներով բերել էին մարզի բնակավայրերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, ընդ որում, դասի ժամին։ Ուսուցչուհիներից մեկը NEWS.am–ի հետ անկեղծացել էր, որ հանուն  Նիկոլ Փաշինյանի դասերը կրճատել են։

Սրան արձագանքել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։

ԿԸՀ–ն էլ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով գործել Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *