Դանիան կսկսի զորակոչիկներ ուղարկել Գրենլանդիա

Դանիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ կսկսի զորակոչիկներ ուղարկել Գրենլանդիա՝ թագավորության ինքնավար տարածք, որի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Զորակոչիկները տեղակայվելու են պրոֆեսիոնալ զինծառայողների հետ միասին և լիովին մասնակցելու են բոլոր առաքելություններին»,- խորհրդարանական հարցմանն ի պատասխան հայտարարել է պաշտպանության նախարար Յեպպե Բրուուսը։

TV2 հեռուստաալիքի տվյալներով՝ զինվորականները նախկինում դիտարկել էին զորակոչիկներին Գրենլանդիա ուղարկելու հնարավորությունը, որտեղ Դանիան ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ԱՄՆ-ի գործադրած ճնշումների ֆոնին։

Անցյալ տարի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Դանիային մեղադրել էր իր արկտիկական ընդարձակ տարածքի անվտանգությանը ոչ բավարար ուշադրություն դարձնելու մեջ։

Գրենլանդիայի շուրջ լարվածությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ Թրամփը կտրուկ ակտիվացրեց՝ ի շահ ԱՄՆ անվտանգության տարածքի հնարավոր բռնակցման վերաբերյալ հայտարարությունները ։

Ընդսմին, հունվարին նա նահանջեց նմանատիպ մի քանի շաբաթ տևած սպառնալիքներից հետո՝ հայտարարելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Գրենլանդիայի վերաբերյալ «շրջանակային համաձայնագրի» ձեռքբերման մասին՝ առանց մանրամասներ հայտնելու։

Դանիան անցյալ տարի երկարաձգել էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև 11 ամիս և այն հասանելի դարձրել կանանց համար՝ ի պատասխան Ուկրաինայում շարունակվող պատերազմի։

Ըստ Բրուուսի՝ ծառայության երկարաձգված ժամկետի պայմաններում «զորակոչիկներն անցնում են այնպիսի պատրաստություն, որպեսզի կարողանան մասնակցել զինված ուժերի խնդիրների կատարմանը»։

Գրենլանդիայում զորակոչիկները կներգրավվեն այնպիսի առաջադրանքներում, որոնք չեն պահանջում երկարատև մասնագիտացված պատրաստություն, հավելել է նա։

Միևնույն ժամանակ, նախարարը չի հստակեցրել, թե հենց երբ կսկսվի նրանց տեղափոխումը և քանի զինծառայող կտեղակայվի Գրենլանդիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *