Նյուարկի օդանավակայանի մոտ դրոնը հրաշքով է խուսափել Boeing 737 ուղևորատար օդանավի հետ բախումից

«United Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը ուրբաթ օրը Նյու Ջերսիում վայրէջք կատարելիս հրաշքով է խուսափել անօդաչու թռչող սարքի հետ բախումից։ Այս մասին հայտնել է օդանավի օդաչուն։

CNN-ի կողմից ուսումնասիրված դիսպետչերական ծառայության ձայնագրության համաձայն՝ օդաչուն ասել է. «Մենք քիչ էր մնում բախվեինք դրոնին»։ Նա սարքը նկարագրել է որպես մոտ 90 սանտիմետր տրամագծով կլոր առարկա, որը գտնվել է ինքնաթիռից ընդամենը 30 մետր ներքև։

Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքից թռչող «Boeing 737» օդանավը, որում եղել է 106 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, բարեհաջող վայրէջք է կատարել ժամը 17:30-ի սահմաններում Նյուարկ Լիբերթի օդանավակայանում: «United» ավիաընկերությունը հայտնել է, որ ուղևորների դուրսբերումն անցել է հաստիքային ռեժիմով:

Դիսպետչերական խոսակցությունների ձայնագրությունների համաձայն՝ գրեթե նույն ժամանակահատվածում «GoJet Airlines»-ի կողմից իրականացվող «United Express»-ի մեկ այլ չվերթի օդաչու նույնպես հայտնել է, որ նույն տարածքում՝ մոտ 600 մետր (2000 ֆուտ) բարձրության վրա, անօդաչու սարք է նկատել։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ օդանավակայանների մոտակայքում դրոնների հայտնվելու վերաբերյալ ամսական մոտ 100 ահազանգ է գրանցվում։ Այդուհանդերձ, վերահսկվող օդային տարածքում կամ օդանավերի մոտակայքում, առանց հատուկ թույլտվության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը խստիվ արգելված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *