Ոչ միայն շոգ. գիտնականները բացատրել են, թե ինչու է Եվրոպան բախվել աննախադեպ հրդեհների

Իսպանիայում և Ֆրանսիայում լայնածավալ անտառային հրդեհների պատճառ դարձած ծայրահեղ շոգն ու երաշտը զգալիորեն ավելի հավանական են դարձել մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխության պատճառով։ Այս եզրակացությանն են եկել միջազգային World Weather Attribution (WWA) խմբի գիտնականները, գրել է The Guardian-ը։

Վերլուծության համաձայն՝ գլոբալ տաքացումը առնվազն 20 անգամ ավելի հավանական է դարձրել Իսպանիայում և մոտ երկու անգամ ավելի հավանական՝ Ֆրանսիայում շոգ, չոր և քամոտ եղանակը, որն ստեղծում է հրդեհի տարածման իդեալական պայմաններ։

Հետազոտողները նշել են, որ ծանր հետևանքների պատճառը եղել են ոչ միայն բարձր ջերմաստիճանները, այլև մի քանի գործոնների համադրությունը։ Խոնավ ձմեռն ու գարունը նպաստել են բուսականության աճին, իսկ հետո չոր և շոգ ամառն այն վերածել է մեծ քանակությամբ հեշտ բոցավառվող նյութի։

Գիտնականների խոսքով՝ հենց խոնավ շրջանից ծայրահեղ շոգ նման կտրուկ անցումներն են կլիմայի փոփոխության ֆոնին ավելի ու ավելի բնորոշ դառնում Եվրոպայի համար։

Իսպանիայում և Ֆրանսիայում հրդեհների հետևանքով մարդիկ են զոհվել, հազարավոր տներ են ոչնչացել, իսկ ավելի քան 300 հազար մարդիկ ստիպված ենէ եղել լքել իրենց տները։ Հրդեհների ծուխը նույնպես լուրջ սպառնալիք է դարձել առողջության համար. որոշ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը տասնյակ անգամներով գերազանցել է անվտանգ ցուցանիշները։

Հետազոտողներն ընդգծել են, որ ներկայիս հրդեհները սկսվում են սեզոնի ավելի վաղ փուլում, իսկ շոգի նոր ալիքների պայմաններում հետագա ավերիչ հրդեհների վտանգը մնում է բարձր։

WWA խումբն ավելի վաղ արդեն կապել էր Եվրոպայում ծայրահեղ շոգը ջերմոցային գազերի արտանետումների հետևանքների հետ։ Գիտնականները կարծում են, որ ածխից, նավթից և գազից կախվածության նվազեցումն ու ենթակառուցվածքները նոր կլիմայական պայմաններին նախապատրաստելը դառնում են ապագա ռիսկերը նվազեցնելու առանցքային միջոցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *