Խայտառակ նահանջ. որն է մամուլի ազատության հարցում հետընթացի պատճառը

Նիկոլ Փաշինյանի պատճառով երկիրը նահանջում է։ Օրեր առաջ հետընթաց է արձանագրվել նաև մամուլի ազատության ասպարեզում։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2026 թվականի զեկույցը փաստում է՝ Հայաստանը զգալի նահանջ է գրանցել մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում, այս տարի 180 երկրների շարքում 67,02 միավորով զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը մինչդեռ 2025-ին 73,96 միավորով 34-րդ տեղում էր։

Ի՞նչ մասին է վկայում այս հետընթացը, և ինչպե՞ս կարելի է բարելավել վիճակը։

Հետընթացի ակունքային պատճառը ՔՊ-ականների ատելությունն է լրագրողների և ազատ մամուլի նկատմամբ։ Ուստի՝ առաջին հերթին անհրաժեշտ է, որ ՔՊ-ականները դադարեն ատել լրագրողներին։ ՔՊ-ական մեծ ու փոքր գործիչների համար անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ մամուլի ազատության նշանակության մասին։ Հետո այդ դասընթացներով կրթվածները կարող են գրառումներ անել, իրենց հետևորդներին բացատրել, թե ինչու է կարևոր մամուլի ազատությունը քաղաքացիական հասարակության համար, ինչու չի կարելի լրագրողների վրա հարձակվել, նրանց հանդեպ թշնամանալ և այլն։

Իսկ ինչո՞ւ են ՔՊ-ականներն ատում լրագրողներին ու ազատ մամուլը։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ արարքներ՝ եկեղեցու և հոգևորականների դեմ սադրանքները, հակասական քաղաքական որոշումները, հանրային համարժեք արձագանք են ստացել, որն արտացոլվել է նաև մամուլում։ ՔՊ-ականներն թյուրիմացաբար բարկացել են մամուլի անդրադարձներից։ Արդյունքում՝ տպավորություն է ստեղծվել, թե ժողովուրդն ազատ մամուլ չի ուզում, լրագրողներին ատում է։

Այսպիսի վերաբերմունք կար խորհրդային բռնազավթման շրջանում։ Մեկ-երկու լրատվամիջոցներ զբաղվում էին բացառապես իշխանությունների գովքով ու արդարացմամբ։ Ներկայումս Հայաստանն անկախ է ու ժողովրդավար։ Քաղաքացիական հասարակությունում մամուլը չորրորդ իշխանությունն է։ Մեծ ու փոքր պաշտոնյաները կարող են արժանանալ մամուլի քննադատությանը։

Ազատ մամուլը ժողովրդավարական մեծագույն նվաճումն է, որի արդյունքում իշխանությունները դառնում են հաշվետու, գիտակցում են, որ եթե սխալ բաներ անեն, ապա կարժանանան քննադատության, ինչն էլ երեմն կարող է ամոթալի լինել։

ՔՊ-ականները, հավանաբար, կարծում են, թե մամուլը պետք է միայն գովերգի ու քծնի պաշտոնյաներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք աղետալի, սխալ բաներ են անում կամ ասում։

Սա է պատճառը, որ նրանք լրագրողներին վերաբերվում են անբարյացակամորեն, նրանց ներկայացնում որպես չուզողներ, չուզող հարևաններ, չհասկանալով, որ լրագրողների քննադատության արդյունքում են պակասում իշխանությունների սխալները, պաշտոնյաները սաստվում են, վախենում են խախտել օրենքները, ոտահարել մարդու իրավունքները, զբաղվել կոռուպցիայով, քանի որ լրագրողները կարող են նկատել, արձանագրել, քննադատել, խայտառակել, որ նա ուղղվի, նորմալ աշխատի, պետությանն ու ժողովրդին վնաս չպատճառի։

Ի վերջո լրագրողների դերն անփոխարինելի է, երբ ժողովրդի մի մասը վարակվում է ժխտման հիվանդությամբ։ Այսպիսի հիվանդը իրականությունը համարում է պատրանք, իսկ ինչ-որ հորինված պատրանք ներկայացնում որպես իրականություն։ Այսպիսի վարակ տարածվում է, երբ քաղաքականություն որոշողը մանիպուլյացիա ու սպեկուլյացիա է անում, մոլորեցնում ու վախեցնում ժողովրդին։ Այսպիսի իրավիճակում ժողովուրդը կարող է հոգեկան խանգարում ստանալ, ինչպես օրինակ՝ բոլշևիկյան Ռուսաստանում, Չինաստանում մշակութային հեղափոխության շրջանում, բռնապետություններում և այլն։ Իսկ ազատ մամուլի, ազնիվ ու անկեղծ լրագրողների շնորհիվ մարդիկ տեսնում են իրականությունը, ոչ թե միայն այն, ինչը նրանց մատուցում է քաղաքականություն որոշողը։

Կարճ ասած՝ մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի հետընթացը մտավախություն է առաջացնում, որ երկիրը կարող է հրաժարվել ժողովրդավարությունից, քաղաքացիական հասարակությունից, իսկ հանրությունը կարող է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների ու սպեկուլյացիաների ազդեցությամբ կտրվել իրականությունից, հոգեկան խնդիրներ ձեռք բերել, սխալ ընտրություն կատարել՝ վնաս պատճառելով իրեն ու հայրենիքին։ Այնպես որ՝ մամուլի ազատությունը ոչ միայն քաղաքակրթական, այլև ազգային անվտանգային խնդիր է։ Եվ այն ոչ միայն մամուլի, լրագրողների խնդիրն է, այլև բոլոր նրանց, ում համար թանկ են անկախությունն ու ժողովրդավարությունը։ Ուստի՝ պաշտոնյան պետք է մարդասիրական խիզախությամբ լցվի ու ուշադրությամբ կարդա իր հասցեին քննադատությունը, դաս քաղի, չգործի օրենքի, պետության, ժողովրդի դեմ, լրագրողի դեմ ատելություն չգեներացնի ու չգցի պետության միջազգային վարկը։

Թաթուլ Մկրտչյան

Քայլերթ՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով. ՈւՂԻՂ

Ներքին
20:00 26-12-2023

Բաքվի բանտերում պահվող գերիներին ազատ արձակելու ուղղությամբ իշխանությունների քայլերը բավարար չեն

Oragir.News-ի հետ զրույցում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը նշեց, որ ակցիան եղել է բարոյաքաղաքական։

Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան, այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կայքում։

Այցը կկայանա մայիսի 5-ին։ Այցի շրջանակում Կալլասը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղին Հայաստանը պատկանում է․ Կոշտա

Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը իսկապես պատմական է: Պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղին Հայաստանը պատկանում է։

Հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Սա պատմական է, քանզի այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնության, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար։

Այս համաձայնագրի շնորհիվ է, որը բարելավվել է հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև և դրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհին»,- նշել է նա։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին․ Աղվան Վարդանյան

Այսօր Մարզահամերգային համալիրի տարածքում լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեսակապով հնչեցրած ելույթին և դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի համար։

Նրա խոսքով՝ Ալիևի խաղաղության մասին հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։

«Նախ չկա որևէ բան, որ Ալիևը ասի և մեր կողմը չկրկնի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, իր ենթակային, իր առաջ խոնարհվածին։ Եվ Ադրբեջանի բոլոր պահանջները, նախապայմանները սա հլը հնազանդ կատարում է»,- ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է ճնշման քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանը կարող է ասել՝ գնում է խաղաղության, բայց իր պահանջները չեն ավարտվել։ Ադրբեջանը Հայաստանը պահում է պատանդի վիճակում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մեր գերիների միջոցով։ Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են նաև մեր ինքնիշխան տարածքի ռազմավարական կետերը»,- նշեց նա։

Վարդանյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող լրացուցիչ պահանջները։

«Դեռ կա Սահմանադրության փոփոխության պահանջը, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Այսինքն՝ մենք ինչ-որ առումով օկուպացիայի մեջ ենք»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ միջազգային ներկայությունն էլ չի փոխում իրավիճակը։

«Եվրոպական լիդերների ներկայությունը Հայաստանում իրականում աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, որը, իր հերթին, աջակցում է Ալիևի օրակարգին»,- նշեց Վարդանյանը։

Նա նաև անդրադարձավ տարածաշրջանային միջոցառումների կազմակերպմանը։

«Եթե հիշում եք, հաջորդ տարի նույն միջոցառումը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում։ Սա հերթական գործարք է։ Ալիևը համաձայնվել է, որ այստեղ անցկացվի, որպեսզի Նիկոլը վերարտադրվելու շանս ունենա, իսկ հետո նրանք էլ կաջակցեն Ալիևին»,- ասաց նա։

Վերջում Վարդանյանը ընդգծեց, որ այս գործընթացները, իր գնահատմամբ, վտանգավոր են Հայաստանի համար։

«Այս զույգը՝ սինխրոն, համատեղ աշխատում է մեր ժողովրդի և մեր պետականության դեմ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։

Եվրոպան ՀՀ-ի տեղն իմացավ, մնաց՝ հասկանան, թե ով ենք ու ինչ ենք ուզում

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով է անցկացվում Երևանում։ Լավն այն է, որ ԵՄ երկրների և միջազգային խոշոր կառույցների ղեկավարներն իմացան Հայաստանի տեղը։ Մնաց հասկանան, թե հայ ժողովուրդն ի՞նչ է ուզում, քաղաքակրթական ի՞նչ ընտրություն ունի և կարո՞ղ է զարմացնել ժողովրդավարական աշխարհին իր ստեղծած հրաշքներով։

Եվրոպացիները դատարկ ձեռքով չեն եկել մեր տուն։ Օրեր առաջ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ անդրադարձ կար նաև մեր ցավոտ հարցերին, մասնավորապես՝ գերիների ազատ արձակմանը, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքներին և այլն։ Այս բանաձևն իրապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ ցույց է տալիս, որ Բաքվի հակահայ արարքները դատապարտելի են ժողովրդավարական աշխարհի կողմից։ Եվ սա լուրջ ազդեցություն ունեցավ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրեց համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով։

Այսպիսով՝ ելակետը պարզ է։ Եվրոպացիները սկզբունքորեն և հետևողականորեն կանգնած են ժողովրդավարական, մարդասիրական արժեքների պաշտպանության դիրքերում։ Եվ սա հույս է արթնացնում, որ ի դեմս ԵՄ երկրների՝ հայ ժողովուրդն ունի դաշնակիցներ իր իրավունքների պաշտպանության հարցում։ Եվ եթե ՀՀ իշխանությունը համարժեք քաղաքականություն վարի, ապա այս աջակցությամբ հնարավոր է իրական արդյունքների հասնել՝ և՛ գերիների ազատ արձակման, և՛ Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերականգնման հարցերում։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կարևոր ազդակ կարող է լինել նաև Հայաստանի անկախության ու ժողովրդավարության պաշտպանության առումով։ ՀՀ իշխանությունները միայն խոսքով են այս դիրքերում։ Իրականում պատկերն այլ է։

Բռնաճնշումները ընդդիմախոսների նկատմամբ չեն դադարում։ Բանտում է դեռ Բագրատ Սրբազանը, որոշ գործիչների ազատությունը սահմանափակված է տնային կալանքով։ Գուցե եվրոպացի գործիչները տեսնեն ընդդիմադիրների բողոքի ցույցերն ու հանդիմանեն Նիկոլ Փաշինյանին։ Եվ գուցե ՀՀ իշխանություններն ամաչեն ու հակաժողովրդավարական, ամոթալի բաներ չանեն այսուհետ։

Երևանում լուրջ ու միջազգային հեղինակություն ունեցող քաղաքական գործիչների ներկայությունը, հնարավոր է, կստիպի ՀՀ իշխանություններին լրջանալ և հանդես գալ ՀՀ անկախության պաշտպանության դիրքերից, դադարել բացահայտ սպասարկել ռուսական շահերը։ Երևանում հավաքված մեծ գործիչներն ուղղակի կամ անուղղակի ներգրավված են Ուկրաինայի անկախության ու իրավունքների պաշտպանության համար մղվող պատերազմում, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են կիրառում, որոնցից տուժում են նաև իրենք։ Այսօրվա մեր մեծ հյուրերն այս զրկանքներին դիմում են, որ Ուկրաինան անկախ լինի, իսկ Ռուսաստանը կրկին չվերածվի համաշխարհային, հակաքաղաքակրթական չարիքի։

ՀՀ պաշտոնյաները գուցե այսօր այս ամենը կհասկանան, ռուսամետ հայտարարություններ չեն անի և չեն խայտառակի ժողովրդին։ Ավելին՝ լավատեսություն կա, որ խիզախությամբ կլցվեն ու հրապարակավ կխոստանան, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված եվրոպական երբեմնի բախտակից երկրների օրինակով՝ առաջիկայում օրակարգ կբերեն ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, լյուստրացիայի մասին օրենք կընդունեն և կսահմանափակեն ռուսական գործակալների դերը քաղաքականություն որոշելու հարցում։ Ի վերջո՝ կարող են հենց այս օրերին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել կամ նշել կոնկրետ օրը, երբ այդ հայտը կներկայացնեն։

Պակաս կարևոր չէ նաև ընտրություններում ԵՄ աջակցությունը։ Գուցե հաջողվի, որ ռուսներն այս անգամ չկեղծեն ՀՀ ընտրությունները և չձևավորեն ռուսամետ իշխանություն, որի հիմնական խնդիրը ոչ թե ՀՀ առաջընթացն է, այլ ռուսական շահեր սպասարկելը։ Այսինքն՝ հույս կա, որ այս անգամ հայ ժողովուրդը, որի մեծ մասը Մոսկվային չբարեկամ է ընկալում Արցախի բռնազավթումից հետո, կկարողանա իրապես ազգային իշխանություն ձևավորել հունիսի 7-ի ընտրություններով և տուն ուղարկել ռուսամետներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։

Կարճ ասած՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ոչ միայն մեծ ոգևորություն, այլև հույսեր է արթնացնում, որ Հայաստանը կդառնա իրապես անկախ ու ժողովրդավարական պետություն, ժողովրդավարական, ազատ աշխարհի մաս, կազատվեն գերիները, կվերականգնվեն Արցախի նկատմամբ մեր իրավունքները, ՔՊ-ականները կդադարեն ատել ժողովրդին, մարդիկ միմյանց կվերաբերվեն սիրով ու հոգատարությամբ, ինչպես եվրոպական նորմալ երկրներում։

Թաթուլ Մկրտչյան

Պետական փողե՞ր, թե՞ կուսակցական դրամարկղ․ ԶՊՄԿ-ի ՔՊ-ական «մուծումները»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կոչված են պաշտպանելու հանրային շահերը, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեծ միջոցներ են նվիրաբերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամին։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցությանը կատարվող նվիրատվությունները, այդ թվում՝ կոմբինատի խորհրդի անդամ Նարեկ Բաբայանի կողմից իրականացված փոխանցումները, կրում են պարբերական բնույթ։

Հարցեր են առաջանում նաև համայնքային և պետական պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը ևս ընդգրկված է նվիրատուների թվում, ինչը առաջացնում է հարց՝ արդյոք նման փոխանցումները բացառապես կամավո՞ր բնույթ ունեն, թե՞ կարող են պայմանավորված լինել պաշտոնեական դիրքով։

Հաշվետվություններում առանձնանում են մի շարք խոշոր նվիրատուներ․ «Սամարտ-Շին» ՍՊԸ տնօրեն Սամվել Օրդուխանյանը կատարել է ընդհանուր շուրջ 10 մլն դրամի նվիրատվություն (7,500,000 և 2,500,000 դրամ)։ Հարց է առաջանում՝ ինչու է պետական ֆինանսավորում ստացող և ՊՆ փակ մրցույթներին մասնակցող ընկերությունը կատարում նման փոխանցումներ։

Նվիրատուների թվում են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ 800,000 դրամ, Ահարոն Խաչատրյանը՝ 1,500,000 դրամ (1,000,000 և 500,000), ինչպես նաև Ալբերտ և Մերի Սուքիասյանները՝ 5,000,000-ական դրամ։

Առկա են նույն անձանց կողմից կրկնվող նվիրատվություններ։ Մասնավորապես, Նարեկ Բաբայանը կատարել է մի քանի փոխանցումներ՝ երկու անգամ 600,000 դրամ և ևս 1,200,000 դրամ։

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա ԶՊՄԿ-ից ստանում է մի քանի միլիոն դրամ աշխատավարձ։ Ստացվում է՝ այդ եկամուտների մի մասը նվիրատվության ձևով վերադարձվում է ՔՊ կուսակցությանը։ Նույն համատեքստում նշվում է, որ նա ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) ներկայացուցիչն է եղել ԶՊՄԿ-ի խորհրդում և պատասխանատու է պետությանը պատկանող 21.8% բաժնեմասի վերահսկման համար։ Երկար ժամանակ հանրության համար անհասանելի են եղել ԶՊՄԿ-ից պետության ստացած շահույթի և այդ միջոցների օգտագործման վերաբերյալ տվյալները։ Ստացված դիվիդենտները, որոնք պետք է ուղղվեին պետական բյուջե կամ ռազմավարական ծրագրերի, ըստ ներկայացված տվյալների, ծախսվել են կառավարչական ապարատի պահպանման և արդյունավետության տեսանկյունից կասկածելի ծրագրերի վրա։ Միևնույն ժամանակ հաշվետվություններում առկա են «այլ ելքեր» հիմքով զգալի գումարներ, ինչը դարձյալ կասկածներ է հարուցում, թե ինչի վրա է ծախսվել 6,750,000 դրամը։

Նկատենք, որ ըստ 2025 թվականի հաշվետվությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է 416,712,288 դրամ։ Համեմատության համար նշենք, որ ՔՊ-ն 2015 թվականին ստացել է մոտ 120 հազար դրամ նվիրատվություն։

Այսպիսով, փաստաթղթերը ցույց են տալիս կուսակցությանը կատարվող պարբերական և մեծածավալ նվիրատվություններ, այդ թվում՝ պետական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների ու պետական միջոցների հետ առնչվող անձանց կողմից, ինչը առաջացնում է լուրջ հարցեր ֆինանսական հոսքերի թափանցիկության վերաբերյալ։

Հասմիկ Մովսիսյան

Հայաստանին պետք է նյուրնբերգյան դատավարության նման մի գործընթաց․ Լիդա Առուշանյան

Մարզահամերգային համալիրի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև ակցիայի մասնակից Լիդա Առուշանյանը՝ կոշտ քննադատությամբ հանդես գալով գործող իշխանությունների հասցեին։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական գնահատական և պատասխանատվություն։

«Մենք պետք է հասնենք նրան, որ լինի իրավական գնահատական, նույնիսկ՝ նյուրնբերգյան դատավարության նման մի գործընթաց։ Մինչ այդ փոփոխությունը տեղի չունենա, հայ ժողովուրդը չի կարող հանգիստ շունչ քաշել»,- ասաց նա։

Առուշանյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը։

«Այսօր ստեղծված վիճակը մեզ տանում է դեպի վատ հետևանքներ, եթե այս ամենը շարունակվի»,- նշեց նա։

Նա նաև անդրադարձավ առաջիկա ընտրություններին՝ կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել։

«Ժողովուրդ, ընտրություններին պետք է մասնակցել, պետք է գիտակցված ընտրություն կատարել, որպեսզի հնարավոր լինի փոխել իրավիճակը և վերականգնել արժանապատվությունը»,- ասաց Առուշանյանը։

Նրա խոսքով՝ երկրում առկա են նաև մարդու իրավունքների խնդիրներ։

«Մենք ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են բանտերում, ունենք նաև Բաքվում պահվող գերիներ, որոնց հարցը շարունակում է չլուծված մնալ»,- նշեց նա։

Առուշանյանը կարևորեց գերիների ազատ արձակման հարցը։

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն՝ թե՛ Բաքվի, թե՛ Հայաստանի բանտերից»,- ընդգծեց նա։

Վերջում նա կոչ արեց համախմբման։

«Ժողովուրդը պետք է միավորվի, որպեսզի կարողանա հաղթահարել այս փուլը և ապահովել երկրի ապագան»,- եզրափակեց ակցիայի մասնակից Լիդա Առուշանյանը։

Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է.

Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցը այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։

Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը, որը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով, առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ։ Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը։

Airbus և Planet Labs ընկերությունների արբանյակային տվյալները հստակ փաստում են, որ հուշարձանը և հարակից ամբողջ հուշահամալիրը ոչնչացվել են 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Տվյալների այս ժամանակագրությունը վկայում է ոչ թե պատահական վնասի, այլ կանխամտածված և փուլային գործողության մասին, որի նպատակը տարածքի լիակատար «մաքրումն» էր հայկական ներկայության որևէ հետքից։

Այս գործողությունը պետք է դիտարկել միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում։ Մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ UNESCO-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։

Սակայն տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։

Ավելին, հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման, երբ ոչնչացվում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց հիշողությունը, մշակույթը և գոյության նյութական ապացույցները։

Այսպիսով, Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատան ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկ առանձին ակտ, այլ որպես շարունակական և համակարգված քաղաքականության բաղկացուցիչ մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։ Այս իրողությունը պահանջում է ոչ միայն գիտական փաստագրում, այլև միջազգային հանրության հստակ և գործնական արձագանք։

Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով:

Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս:

Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը:

Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։

Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ:

Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։

Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը:

Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք։