Զախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասին


Քաղաքականություն


Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը՝ Երևանի համար իր բոլոր տնտեսական և քաղաքական հետևանքներով:

Զախարովան նշել է, որ ԵՄ գործելաոճը պարզ է՝ «քամել» Հայաստանից ամեն ինչ՝ ծառայեցնելով Բրյուսելի շահերին, այդ թվում՝ հակառուսական, և փոխարենը ոչինչ չտալ:

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ Հանրապետությանը ձգում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ՝ ասել է դիվանագետը:



ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. Փաշինյան


Հարեվաններ


Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե մասնակցելո՞ւ է Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Վարչապետը տեղեկացրեց, որ չի մասնակցելու՝ պայմանավորված քարոզարշավի հանգամանքով:

«Ես ՌԴ կատարած իմ այցի ընթացքում՝ ապրիլին, ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարի 2007 թվականից ի վեր առաջին անգամ Մայիսի 9-ի շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի։



ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին


Բիզնես


Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության գլխամասային գրասենյակում Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուին, ում ուղեկցել են «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության տեղական գործընկեր, «Էլեկտրոմոնտաժ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Էնթերփրայզ Արմենիա» («ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի Ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը:

«Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա»-ն ֆրանսիական Schneider Electric ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումն է, որը գործում է Ռումինիայում և ընդգրկում նաև Մոլդովայի ու Հայաստանի շուկաները։

Schneider Electric-ը համաշխարհային առաջատար է էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում և միտված է արդյունավետ ու կայուն զարգացման խթանմանը՝ էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման միջոցով։ Ընկերության լուծումները նպաստում են ենթակառուցվածքների, բիզնեսների և էներգետիկ համակարգերի արդյունավետության և դիմակայունության բարձրացմանը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես էներգետիկ համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։

Կարևորվել է նաև էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը և համակարգերի դիմակայունության բարձրացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել պետական և մասնավոր գործընկերների հետ շարունակել աշխատանքային քննարկումները՝ ակտիվ փոխգործակցության շրջանակում ներկայացնելով էներգետիկ համակարգերի արդիականացմանն ուղղված նոր առաջարկներ։

Ընդգծվել է էներգետիկ համակարգերի արդիականացման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ նոր նախաձեռնությունների մշակման և ներկայացման կարևորությունը՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանն ու արդյունավետության ամրապնդմանը։



Մակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել են


Միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Կիրենիայի շրջանում գտնվող Սուրբ Մակար հայկական վանք՝ Մակարավանք ուխտագնացությունը վերջին պահին չեղարկվել է կիպրոսի թուրքական իշխանությունների կողմից, այսօր Cyprus Mail-ին  հայտնել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարանում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։ Ըստ նրա՝ նախատեսված ուխտագնացության համար անհրաժեշտ փաստաթղթերը ՄԱԿ-ի միջոցով փոխանցվել է չճանաչված թուրք-կիպրական «արտգործնախարարություն» դեռ «երեք ամիս» առաջ, և հայկական համայնքին անցած շաբաթ օրը տեղեկացրել են, որ ուխտագնացությունը կարող է տեղի ունենալ այս կիրակի։

Սակայն երկուշաբթի օրը Հյուսիսային Կիպրոսից համայնքին հայտնել են, որ «փաստաթղթային սխալի» պատճառով թույլտվությունը չեղարկվել է։

«Մինչ Covid-19 համավարակը այն տեղի էր ունենում ամեն տարի։ Համավարակից առաջ դադարեցվեց, և դրանից հետո տարբեր բաներ տեղի ունեցան, բայց հիմա շատ կարևոր է, որ այն կայանա, որովհետև մեզ գումար են տրամադրում վանքը վերականգնելու համար»,- ասել է նա։

«Շաբաթ օրը նրանք մեզ ասացին, որ դա կարող է կայանալ, և թեև արդեն շատ ուշ էր, մենք կազմակերպեցինք ավտոբուսները, հայտարարություն տարածեցինք, որպեսզի մարդիկ գրանցվեն, և մոտ 60 կամ 70 մարդ գրանցվեց»,- ասել է Մահտեսյանը՝ հավելելով, որ ուխտագնացությանը մասնակցելու համար սովորաբար «մարդիկ նույնիսկ արտերկրից են գալիս»։

Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի «արտգործնախարար» Թահսին Էրթուղրուլօղլուն Cyprus Mail-ին ասել է, որ վանքի «ֆիզիկական վիճակի» պատճառով ուխտագնացության թույլտվությունը չի տրվել։ Այն ներկայումս ավերված վիճակում է։

Նա հավելել է, որ ապագայում ուխտագնացություն կազմակերպելու համար հայկական համայնքին «կառաջարկվի մեկ այլ եկեղեցի»։

Ավելի վաղ Մահտեսյանը պարզաբանել էր, որ պատմականորեն ուխտագնացությունն անցկացվում է ամեն տարի մայիսի առաջին կիրակի օրը՝ Սուրբ Մակարի տոնին։

Կիպրոսում Մակարավանքը կառուցվել է 11-րդ դարում ղպտիների կողմից՝ նվիրված Սուրբ Մակարիոս Ալեքսանդրացուն։ 14-րդ դարի վերջում կամ 15-րդ դարի սկզբում այն փոխանցվում է Հայոց եկեղեցուն, երբ Կիլիկիայի Հայկական Թագավորության անկումից հետո շատ հայեր սկսում են տեղափոխվել Կիպրոս։

Մակարավանքը հայոց եկեղեցում պատկանել է հետագայում վենետիկյան և օսմանյան իշխանությունների ժամանակ, Օսմանյան շրջանում նույնիսկ ազատված է եղել հարկերից։

1974 թվականին՝ Կիպրոս թուրքական ներխուժումից եւ կղզու 40 տոկոսը բռնազավթելուց հետո վանքը ավերակների է վերածվել։ Ուխտագնացությունները վերսկսվել էին 2007 թվականին։




Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները


Գերմանիայում հանրայնացվել են Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (NSDAP) նախկին անդամների միլիոնավոր փաստաթղթեր: Սա երկրում կրկին բորբոքել է Երրորդ ռեյխի հանցագործությունների հիշողության պահպանման շուրջ կարևոր քննարկումները. գրում է BBC-ն։

Երրորդ ռեյխը կործանվել է ավելի քան 80 տարի առաջ, բայց ընտանեկան անցյալի և նացիզմի հանցագործությունների համար անհատական պատասխանատվության հարցերը դեռևս չբուժվող վերք են Գերմանիայում: Փետրվարի վերջին քննարկումները նոր թափ ստացան, երբ հանրությանը հասանելի դարձան նացիստական կուսակցության (NSDAP) անդամների միլիոնավոր փաստաթղթերը:

Ադոլֆ Հիտլերի ղեկավարած NSDAP-ին անդամակցել է ավելի քան 10 միլիոն մարդ: Մյունխենում պահվող անդամների քարտարանը պատերազմի վերջում հազիվ է փրկվել. 50 տոննա փաստաթուղթ ուղարկվել էր վերամշակման գործարան՝ ոչնչացման համար, սակայն գործարանի տնօրենը չէր կատարել հրամանը և արխիվը հանձնել էր ամերիկացիներին:

Մինչև վերջերս անձի անդամակցությունը պարզելու համար անհրաժեշտ էր պաշտոնական հարցում ուղարկել Դաշնային արխիվ: Սակայն մի քանի ամիս առաջ ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակեց թվայնացված բազան, իսկ ապրիլին Die Zeit թերթը ստեղծեց առցանց որոնման համակարգ:

Ինչպես հայտնում են թերթի ներկայացուցիչները, որոնման համակարգից օգտվել են միլիոնավոր անգամներ: Գերմանացի պատմաբան Յոհաննես Շպորը նշում է, որ շատերը սկսել են հետաքրքրվել անցյալով՝ տեսնելով աջ ուժերի հանրաճանաչության աճը կամ պարզապես համավարակի ժամանակ տանը մնալով և հին թղթերը կարգի բերելով:

Այնուամենայնիվ, թեման մնում է ծայրահեղ ցավոտ. BBC-ի բոլոր զրուցակիցները խնդրել են պահպանել իրենց անանունությունը: «Դա կապված է հարազատների հանդեպ հավատարմության հետ, նույնիսկ նրանց մահից հետո»,- բացատրում է Շպորը:

Նացիստական կուսակցությանն անդամակցելու նշանակությունը մինչ օրս վեճերի առարկա է: Ոմանք պնդում են, որ իրենց նախնիները կուսակցությանն անդամակցել են զուտ «մասնագիտական» նկատառումներով՝ աշխատանքը չկորցնելու համար, մինչդեռ մյուսները փորձում են հասկանալ իրական գաղափարական դրդապատճառները:

NSDAP-ի (Նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն) որոշ նախկին անդամներ պնդում էին, թե իրենց կուսակցությանն անդամագրել են առանց իրենց գիտության: Օրինակ՝ Գերմանիայի ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այդպես էր արտահայտվում իր պապի՝ Բրիլոն քաղաքի բուրգոմիստրի մասին:

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Zeit-ը, պատմաբանները միակարծիք են. NSDAP-ի անդամներից ոչ ոք կուսակցության մեջ չի հայտնվել «ավտոմատ կերպով» և չէր կարող չիմանալ այդ մասին, քանի որ անդամակցության համար անհրաժեշտ էր թեկնածուի անձնական ստորագրությունը: «Կուսակցության ոչ բոլոր անդամներն են անձամբ առնչություն ունեցել հանցագործություններին: Սակայն յուրաքանչյուր ոք, ով որոշել է անդամակցել NSDAP-ին, դրանով իսկ աջակցել է նացիստական ռեժիմին, որը պատասխանատու է պատերազմի, Հոլոքոստի և մարդկության դեմ ուղղված բազմաթիվ այլ հանցագործությունների համար»,- բացատրում է Zeit-ի լրագրող Քրիստիան Շտաասը:

Պատմաբան Քրիստիան Շպորի խոսքով՝ անդամակցությունը NSDAP-ին նշանակում է, որ տվյալ անձն ակտիվորեն ձգտել է միանալ նացիոնալ-սոցիալիստներին: Կուսակցությանը միանալու համար անհրաժեշտ էր հայտ ներկայացնել տեղական բաժանմունքում և սպասել դրական որոշման, ընդ որում՝ այնտեղ բոլորին չէին ընդունում:

Սակայն միայն կուսակցական քարտի միջոցով հնարավոր չէ հասկանալ, թե որքանով է անձն ակտիվ եղել կուսակցական աշխատանքներում կամ արդյոք կատարել է հանցագործություններ. դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

radar armenia



Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն


Մշակույթ


Գործադիրի որոշմամբ առաջարկվում է իրականացնել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորում՝ այն դարձնելով «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում մասնաճյուղ՝ «Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն»։

Որոշման հիմնական նպատակն է վերաիմաստավորել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության բովանդակությունը, ամրապնդել մասնագիտական ներուժը և բարձրացնել կառավարման արդյունավետությունը՝ ձևավորելով գրականության և արվեստի ուղղվածությամբ մասնագիտացված մշակութային հարթակ։

Նախատեսվում է անցում կատարել միջոցառային-ժամանցային ձևաչափից դեպի թանգարանային, կրթամշակութային և գիտամեթոդական բաղադրիչներ ներառող գործունեության մոդել՝ ապահովելով կայուն ծրագրային քաղաքականություն, ցուցադրական և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ժամանակակից գործիքների կիրառություն։



ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը


Հարեվաններ


Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները կարևորել են ընթացիկ տարում բարձր և բարձրագույն մակարդակներով իրականացված պաշտոնական այցերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ շարունակական ջանքերի անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ընթացքում համակողմանիորեն քննարկվել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ներառյալ` առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նաև Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթների վերագործարկումը՝ որպես երկկողմ կապերի խթանման կարևոր գործոն։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել և խորացնել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ շփումներն ու փոխգործակցությունը՝ միտված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ ‎



Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում


Ավտո


Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում:

Մասնավորապես՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցք-Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:



Որևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ


Քաղաքականություն


Կարող ենք ասել, որ այսօրվա 24:00-ից հետո՝ մայիսի 8-ից, նախընտրական քարոզարշավը մեկնարկում է։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Ես թույլ չեմ տալու, որ որևէ մեկը կեղծիք կատարի. ես ընտրվելիս ասել եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ, որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրությունները կեղծելու։ Կլինի ԱԺ, կլինի ավագանի, կլինի մեծամասնական համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ՝ բոլորը լինելու են ընտրված ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում»,- նշեց նա։



Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուս


Ավտո


Կառավարության որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին թույլատրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության՝ նոր ներկրվող 45 տրոլեյբուսով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+3 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս, քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով, սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված 45 անռելս տրոլեյբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի 5 երթուղին համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։

Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 245 աշխատատեղ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 280-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ: