Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք (վիդեո)

Եղվարդ քաղաքում գործող հրաձգարանում, որն առաջին հայացքից օրինական գործունեություն էր իրականացնում, ոստիկանությունը մեծաքանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերել։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ-ից: 

ՆԳՆ ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ կազմակերպությունը, առանց համապատասխան թույլտվության, հրաձգության պարապմունքներ է անցկացրել և այցելուներին տրամադրել ապօրինի պահվող զենք-զինամթերք։ 

Տեղեկությունը ստուգելու արդյունքում պարզվել է, որ Եղվարդի 51-ամյա բնակիչը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին տրամադրել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։ 

Դեպքի առթիվ Եղվարդի 51-ամյա բնակիչը և ևս մեկ անձ ձերբակալվել են։ 

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *