

2026թ․ հոկտեմբերին Երևանում կկայանա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ կքննարկվեն նաև բարձրլեռնային լճերի կենսաբազմազանության պահպանման հարցերը։ Սևանա լիճն աշխարհի 2-րդ աﬔնաﬔծ բարձրադիր քաղցրահամ լիճն է՝ Տիտիկակա լճից հետո և ներկայացված կլինի COP 17-ում։
Լճի հիմնախնդիրների և COP 17-ի վերաբերյալ Էկոլուրը զրուցել է տեղի «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիանա Ասոյանի հետ։
Նրա խոսքով՝ բնակիչների համար Սևանա լիճը պարզապես ջրային տարածք չէ։ Այն նրանց առօրյայի և ապրելու միջավայրի անբաժանելի մասն է։ Սևանը տեղացիների համար նաև եկամտի աղբյուր է։

Շատ բնակիչներ լիճն ընկալում են որպես իրենց կողքին ապրող «շնչող օրգանիզմ» և ավելի լավ են պատկերացնում նրա կարիքներն ու հնարավորությունները։ «Մենք անընդհատ Սևանն աղտոտում ենք, բայց Սևանն այդքան կարողություն չունի այդ աղբը պահելու», – ասաց Լիանա Ասոյանը։
Նրա խոսքով՝ Սևանի ափամերձ տարածքներում այսօր միաժամանակ մի շարք խնդիրներ են առկա։ Ափերից ապօրինի շինությունների ապամոնտաժման, ջրածածկված անտառածածկ տարածքների մաքրման գործընթացներին զուգահեռ՝ լուրջ խնդիր է շարունակում մնալ կենցաղային աղբը։ Հանգստացողներից շատերը լճի ափին թողնում են աղբը, իսկ դրա հետևանքներն առաջին հերթին տեսնում են հենց տեղացիները։ Լիանա Ասոյանը նշեց, որ խնդիրը միայն զբոսաշրջիկներով կամ այցելուներով չի սահմանափակվում․ Սևանի ափին ապրող մարդկանց շրջանում նույնպես կան քաղաքացիներ, որոնք չեն դրսևորում պատասխանատու վարքագիծ։
Բացի կենցաղային աղբից լիճը աղտոտվում է նաև կեղտաջրերով և կոյուղաջրերով։
Լիանա Ասոյանի համոզմամբ՝ Սևանի պահպանության համար անհրաժեշտ է առաջին հերթին պատասխանատու վարքագիծ և տարբեր դերակատարների համատեղ, համակարգված աշխատանք։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Սևանի պահպանությանն ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր, ռազմավարություններ և հետազոտություններ են իրականացվել, սակայն հաճախ դրանք միմյանց չեն լրացրել։ Արդյունքում՝ իրականացված աշխատանքների մեծ մասը չի վերածվել երկարաժամկետ արդյունքի։ «Եթե բոլոր այն գումարները, բոլոր այն միջոցները, որոնք դրվել են Սևանա լճի պահպանության համար, ուղղակի լցվեին Սևանա լիճ՝ փողի տեսքով, գոնե լիճը կբարձրանար», – ասում է նա՝ ընդգծելով, որ շուրջ երեք տասնամյակ իրականացվող ծրագրերից հետո լճի հիմնախնդիրները շարունակում են մնալ։
Նրա համոզմամբ՝ մարդն ու բնությունը պետք է դիտարկվեն փոխկապակցված։ Մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ, ի վերջո, վերադառնում է հենց մարդուն։ «Կխնամես՝ խնամք կստանաս, կվնասես՝ վնաս կստանաս։ Սա բնության մեջ գործող օրենք է ու բոլոր իրավիճակներում է գործում», – ընդգծեց Լիաննա Ասոյանը։
Նա COP17-ը դիտարկում է որպես հնարավորություն՝ Սևանի պահպանության հարցում միջազգային ուշադրությունը վերածելու կոնկրետ և շարունակական գործողությունների։ «Բոլորն իրենց ջանքերը պիտի դնեն թեկուզ փոքր քայլերով, բայց ռեալ գործողություն իրականացնելու համար», – ասաց նա։
Լիանա Ասոյանի խոսքով՝ Սևանի պահպանության համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման մարմինների հստակ կամք։ Նա կարևորեց այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք ոչ թե կրկնում են նախկին նախաձեռնությունները, այլ՝ հիմնվում են արդեն ստացված արդյունքների վրա և հնարավորություն են տալիս հաջորդ ծրագրերին շարունակել նախորդի աշխատանքը։
Ըստ նրա՝ Սևանի պահպանությունը մեկ կամ երկու կազմակերպության գործը չէ։ «Սա բոլորիս համատեղ ջանքերի արդյունքում պիտի վերջնարդյունք ունենա, ու սա պիտի լինի շարունակական։ Սա մեկօրյա, մեկամսյա կամ մեկ տարվա գործողություն չէ։ Սևանն ամենօրյա խնամքի կարիք ունի», – ասաց նա։
Լիանա Ասոյանը կարևորեց համայնքային մակարդակում իրականացվող նախաձեռնությունները։ «Բլեջան» կազմակերպությունն աշխատում է երիտասարդների, դպրոցների և համայնքի տարբեր խմբերի հետ։ Գավառում իրականացվում է բնահեն լուծումների վրա հիմնված այգու վերակառուցման ծրագիր, որը նաև ցուցադրական նշանակություն ունի՝ մարդկանց ներկայացնելով ջրի արդյունավետ օգտագործման, կաթիլային ոռոգման և այլ լուծումների հնարավորությունները։
COP17-ի շրջանակում Լիանա Ասոյանը կարևորեց նաև այն մարդկանց ու տնտեսությունների փորձի ներկայացումը, որոնք արդեն անցել են ավելի կայուն գործելակերպի։ Նա նշեց, որ համայնքներում կան ֆերմերներ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգում, ինչպես նաև տնտեսություններ, որոնք փորձում են անցնել շրջանաձև և անթափոն արտադրության մոդելների։ Նրա կարծիքով՝ նման փորձը պետք է ոչ միայն ներկայացնել, այլև շարունակական աջակցություն տրամադրել, որպեսզի այն հնարավոր լինի տարածել և ներգրավել նոր մարդկանց։
Լիանա Ասոյանի կարծիքով՝ COP17-ի մասին տեղեկատվությունը դեռևս բավարար չափով չի հասել լայն հանրությանը։ Թեև ոլորտով հետաքրքրվող մարդիկ և մասնագետները գիտեն, թե ինչ է սպասվում հոկտեմբերին, սովորական քաղաքացին հաճախ պատկերացում չունի ոչ միայն համաժողովի բովանդակության, այլև՝ Հայաստանի դերակատարության մասին։
COP17-ի ընթացքում Սևանի նկատմամբ միջազգային ուշադրության մեծացումը Լիանա Ասոյանը դիտարկում է նաև որպես Հայաստանի և Սևանի մասին աշխարհին պատմելու հնարավորություն։ Միաժամանակ նա մտահոգություն ունի, որ լիճը կարող է մեծաթիվ այցելուների պատճառով լրացուցիչ ճնշման ենթարկվել։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ հյուրերը Սևանը տեսնեն որպես պահպանվող և հարգված բնական տարածք։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Շարունակելի
Օգոստոս 20, 2026 at 12:24