Օլիմպիա, Միկեններ և Ակրոպոլիս․ Հունաստանում ավելի քան 20 հնագիտական հուշարձան կպաշտպանեն անտառային հրդեհներից

Մշակութային ժառանգությունն անտառային հրդեհներից պաշտպանելու համար Հունաստանի 22 խոշոր հնագիտական վայրերում և հուշարձաններում տեղադրվել են հրդեհների վաղ հայտնաբերման և մարման համակարգեր, հայտնում է Kathimerini-ն։

Ութ համակարգ արդեն իսկ գործում է, այդ թվում՝ Օլիմպիայում, Միկենքում, Էպիդավրոսում, Միստրայում և Դիոնում։ Հուլիսի 31-ին Միկենների համակարգը Ֆիխտիա շրջանում հրդեհ է հայտնաբերել և իրական ժամանակում լուսանկարներն ու տվյալներն ավտոմատ կերպով փոխանցել կառավարման կենտրոն։

Մինչև օգոստոսի վերջ համակարգեր կտեղադրվեն ևս վեց օբյեկտում (ներառյալ Ակրոպոլիսը, Նեստորի պալատը և Ֆեստոսը), իսկ սեպտեմբերին՝ ևս ութում, այդ թվում՝ Կնոսոսում, Դելֆիում և Դոդոնայում։

Համակարգն օգտագործում է ջերմատես և օպտիկական տեսախցիկներ (այդ թվում՝ 360 աստիճան անկյունով դիտարկման տեսախցիկներ), ինչպես նաև օդերևութաբանական կայաններ և հրդեհաշիջման շարժական կայանքներ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ Վերականգնման և կայունության ֆոնդի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *