Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա՝ ԱԱԾ աշխատակից կնոջ եկամուտները կտրուկ աճել են

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը, որը տեխնիկական խնդիրների պատճառով շուրջ 20 օր խափանվել էր, այսօր վերականգնվել է։ NEWS.am-ն, ուսումնասիրելով հայտարարագրերի ռեեստրը, պարզեց, որ պետական բարձրաստիճան առանցքային պաշտոնյաների մեծ մասն իրենց գույքի, եկամուտների և ծախսերի 2025 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացրել են մայիսի 31-ին՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի օրը:

Հատկանշական է, որ համակարգի տևական խափանումը համընկել էր նախընտրական շրջանի հետ՝ լրատվամիջոցներին զրկելով պաշտոնյաների տարեկան եկամուտները ընտրություններից առաջ հանրայնացնելու հնարավորությունից։ Թե որքանով է այս զուգադիպությունը պատահական, մնում է միայն կռահել:

Այս անգամ ուսումնասիրել ենք 2025 թվականի մարտի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնած Արթուր Նահապետյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրերը և պարզել, որ վերջինս և նրա կինը՝ Լուիզա Մելքոնյանը եկամուտների կտրուկ աճ են ունեցել։

 Ըստ հայտարարագրերի, եթե 2024 թվականին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Նահապետյանի տարեկան աշխատավարձը կազմում էր 13,4 մլն դրամ, ապա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում 2025 թվականի 9-ն ամիսներին նա ստացել է 23 մլն դրամ աշխատավարձ: Արթուր Նահապետյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը և ավտոտնակը, որոնք նա ձեռք է բերել 2024 թվականին:

Համաձայն պաշտոնական հայտարարագրի՝ Արթուր Նահապետյանի հաշվետու տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 32,302,608 ՀՀ դրամ: Նրա եկամուտները ձևավորվել են չորս հիմնական աղբյուրներից, որոնցից ամենախոշորը հենց կոմիտեում ստացած աշխատավարձն է: Մասնավորապես՝ Արթուր Նահապետյանը 23,055,470 դրամ ստացել է Հակակոռուպցիոն կոմիտեից, 6,076,074 դրամ՝ Քննչական կոմիտեից, 3,060,626 դրամ՝ Պետական եկամուտների կոմիտեից որպես եկամտային հարկի վերադարձ, և 110,438 դրամ՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից։ Բացի այդ, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արթուր Նահապետյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի ընդհանուր մնացորդը կազմել է 29,439,464 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ 28,282,823 դրամ է կազմել բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը, ևս 1,156,641 դրամ՝ մեկ այլ վարկի մնացորդ:

 Ըստ հայտարարագրի՝ Արթուր Նահապետյանը 2025 թվականին հանգստի համար ծախսել է 3,150,000 ՀՀ դրամ գումար:

Արթուր Նահապետյանի կինը՝ Լուիզա Մելքոնյանը, Երևան քաղաքում հայտարարագրել է երկու բնակարան, որոնցից մեկը՝ որպես համատեղ սեփականություն, ձեռք է բերվել 2017 թվականին, իսկ մյուսը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, ձեռք է բերվել 2024 թվականին 21,1 մլն դրամով: Լուիզա Մելքոնյանի ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 6,796,140 ՀՀ դրամ, որից 2,348,612 դրամը ձևավորվել է ՀՀ ԱԱԾ-ից ստացված աշխատավարձից, 3,180,000 դրամը՝ բնակարանի վարձակալության վճարից, 672,000 դրամը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված այլ եկամուտներից, իսկ 595,528 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված եկամտային հարկի վերադարձից։ Միաժամանակ, Մելքոնյանը 2025 թվականին վարկի մարման համար վճարել է 2,020,000 ՀՀ դրամ:

Նշենք, որ 2024 թվականին Լուիզա Մելքոնյանի ստացած եկամուտն ընդհանուր առմամբ կազմել էր 5,586,589 դրամ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *