Հայտնի դերասանի կինը խոստովանել է, որ հոգեկան խնդիրներ ունի

Յոգա մարզիչ եւ յոթ երեխաների մայր Հիլարիա Բոլդւոինը՝ հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալեք Բոլդուինի կինը, խոստովանել է, որ ունի նյարդա-հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Նրա մոտ առկա է ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ, ինչպես նաեւ դիսլեքսիա՝ գրավոր խոսքի հետ կապված դժվարություն։ շ

Կինը պատմել է, որ այդ խնդիրները նույնիսկ որոշակի ծիծաղելի դրության մեջ են դրել իրեն։ Մասնավորապես, նրա հետեւորդներից մեկը բացասական մեկնաբանություն է գրել՝ անվանելով «դատարկամիտ» «vacuous» անգլերենով, իսկ ինքը, դիսլեքսիայի պատճառով սկզբում կարծել է, թե իրեն «կենսուրախ» է անվանել այդ հետեւորդը, որը անգլերենով լինում է «vivacious»։ Հիլարիան կատակել է, որ բառարանի անհրաժեշտություն է զգում, հասկանալու համար, թե երբ են իրեն վիրավորում։

Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։

Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ։

Փորձում են Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ նոր պատերազմի մեջ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ուժերը, որոնց ինքն անվանում է «խորքային պետություն» և «գլոբալ պատերազմի կուսակցություն», փորձում են արհեստականորեն հրահրել ռուսաֆոբիա երկրում և հրահրել Ռուսաստանի հետ առճակատման նոր փուլ։

Նրա խոսքով՝ 2022 թվականից ի վեր այս ուժերը ձգտում են ներգրավել Վրաստանին Ուկրաինայի հակամարտության մեջ և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, իսկ այժմ փորձում են Մոսկվային ստիպել խզել տնտեսական կապերը Թբիլիսիի հետ։

Կոբախիձեն կարծում է, որ վերջնական նպատակը Վրաստանի տնտեսության փլուզումն է, ժողովուրդների միջև թշնամանք հրահրումը և իրավիճակը ռազմական հակամարտության վերածելը։

Բաքվից նոր հրահանգներ Փաշինյանին – Հրապարակ

Ադրբեջանական Minval.az-ի հեղինակ Մակսուդ Սալիմովը գրում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նոր էջ է բացվել, որը հնարավոր է դարձել չափազանց հեռատես ու խելացի քաղաքական առաջնորդ Իլհամ Ալիևի շնորհիվ, ով փոխանակ կոնֆլիկտը շարունակելու, որոշեց այն դադարեցնել՝ վերականգնելով Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը: Եվ հիմա, ինչպես շեշտում է ապշերոնյան հակահայկական քարոզչամեքենայի քարոզիչը, քայլեր անելու հերթը Երևանինն է։

Հակահայ քարոզչությամբ զբաղվող լրատվամիջոցի ու իր քարոզչի հիստերիայի պատճառն այն է, որ հայկական ԶԼՄ-ում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ օգոստոսի 18 –ին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի է ունենալու Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց, ԱՀ Ազգային Ժողովի խմբակցությունների հանդիպում, որոնց քննարկման օրակարգը Արցախի Հանրապետության նախագահ ընտրելու հարցն է: Ադրբեջանցի հեղինակը գրում է՝ այս հանդիպման առկայությունն ու դրա կյանքի կոչումը հարցեր են առաջացնում։ Սալիմովը երկար ու բոցաշունչ բացատրում է, թե ինչու չի կարող գոյություն ունենալ Արցախ, ու որ Արցախը սեպարատիստական ռեժիմ է:

Այն, որ Արցախի ցանկացած հիշատակում ադրբեջանական կողմի համար վտանգավոր է ու ցնցումներ առաջացնող, հասկանալի է՝ Արցախն իրենց բոլոր վախերի, մարդկության դեմ հանցագործությունների մասին է հիշեցնում, սակայն հեղինակը հարց է տալիս, իսկ ի՞նչ է մտածում այս ամենի մասին Երևանը։ Երևի հասկացաք այս տողերի իմաստը․ սովորաբար Բաքուն իր պահանջները նախ քարոզչական-լրատվական հարթակներով է հղում, պանդորայի արկղը բացելով, հետո նոր պաշտոնատար անձինք են սկսում Ալիևի աշխատասենյակից դուրս եկած տողերը կրկնել։
Ու ադրբեջանական ֆաշիզմի ներկայացուցիչը նորից երկար տեքստով փորձում է հիմնավորել, որ եթե Հայաստանը խաղաղության օրակարգի կողմնակից է, ապա չի կարող նման հանդիպումներ ու դրսևորումներ թույլ տալ, որ կողմերը պայմանավորվել են ճանաչել միմյանց սահմանների անձեռնմխելիությունը և այլն, և այլն։ Բայց այս տեքստերի մեջ կորչում է մի պարզ բան, Սալիմով, իսկ ադրբեջանական կողմը ճանաչո՞Ւմ է Հայաստանի Հանրապետության սահմանները։ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինուժը հակառակի մասին է վկայում: Ու դեռ շարունակում է նոր տարածքներ պահանջել Հայաստանից։

Սալիմովը գրում է․ «Եթե Հայաստանը իսկապես ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես տարածքային հարցը համարում են փակված․ ապա ի՞նչ է նշանակում Արցախի ներկայացուցչություն Երևանում։ Ի՞նչ սուբյեկտ է այն ներկայացնում։ Ի՞նչ հիմքով են Հայաստանի տարածքում քնարկվելու հարցեր մի կազմավորման նախագահի շուրջ, որը հանդիսանում է հարևան պետության միջազգային ճանաչված տարածքի մի մասը»։
Ադրբեջանցի քարոզիչը Փաշինյանին անուղղակի ասում է, որ Երևանը հիմա դատարկ հայտարարություններից պետք է անցնի կոնկրետ գործերի ու հստակ հրահանգ է տալիս՝ այդ հանդիպում—քննարկումը չպետք է կայանա և Արցախի ներկայացուցչություն էլ Երևանում չպետք է լինի։ Սալիմովը շարունակում է ՀՀ իշխանություններին հրահանգավորել.«Եթե լուրերը կայանալիք ընտրությունների մասին իրական են, ապա Հայաստանի իշխանությունները պետք է տեղի ունեցողին տան քաղաքա-իրավական գնահատական։ Եվ չփորձեն թաքնվել անձնական նախաձեռնողականության մասին պատճառաբանության հետևում, դիրք չընդունեն, որ տեղի ունեցողը իրենց չի վերաբերվում, այլ ապացուցեն, որ Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել Ադրբեջանի սուվերենությունը հարցականի տակ դնող կառույցների գործունեության համար։ Հնարավոր չէ մեկ ձեռքով ստորագրել փաստաթղթեր սուվերենության փախադարձ ճանաչման ու տարածքային ամբողջականության մասին, իսկ մյուս ձեռքով թույլ տալ Երևանում անցկացնել Արցախի նախագահի ընտրություններ։ Դրանք մեկը մյուսին բացառող իրականություններ են», գրում է Սալիմովը։

Հետաքրքիր է, բացի օգոստոսության համաձայնագիրն ու մեզ հայտնի փաստաթղթերը, ուրիշ ի՞նչ փաստաթղթեր է ստորագրել Փաշինյանը, որոնց մասինակնարկ է անում Սալիմովը։

Հ․Գ․ Սպասենք օգոստոսի 18-ին ու հասկանանք, թե այս իշխանություններն այս անգամ ինչպես են փորձելու փակել Արցախի ներկայացուցչության շենքն ու խափանել Արցախի նախագահի ընտրությունները։ Փաշինյանը կկատարի՞ Սալիմովի հրահանգները՝ ժամանակը ցույց կտա, իսկ մենք կհետևենք։

Այլեւս ինսայդերական տեղեկություններ չի հրապարակի

Ֆուտբոլային ոլորտի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն որոշել է այլեւս չհրապարակել ինսայդերական տեղեկություններ տրանսֆերային շուկայի հետ կապված։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ Ռոմանոն ասել է, որ փոխելու է այդ ոլորտի հետ իր աշխատանքի ֆորմատը՝ այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո։ Թե ինչպես է շարունակելու աշխատել, լրագրողը չի մանրամասնել։ Խոստացել է, որ հավելյալ կտեղեկացնի իր ընթերցողներին։

Հիշեցնենք, որ Ֆաբրիցիո Ռոմանոն հանդիսանում է ֆուտբոլային տրանսֆերների մասով աշխարհում ամենից հայտնի փորձագետներից մեկը։ Նրա լսարանը սոցկայքերում կազմում է մի քանի միլիոն մարդ։

Մարզպետն իր ղեկավարած մարզի բնակավայրերի քանակը չգիտի

Օգոստոսի 6-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզի դերը խաղաղության խաչմերուկ նախագծում» վերնագրով հարցազրույցում դուք նշել եք, որ Տավուշի մարզի 65 բնակավայրերից 46-ը սահմանամերձ են։ Խնդրում եմ հատ առ հատ նշել մարզի 65 բնակավայրերը և սահմանամերձ 46 բնակավայրերը»։

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում գրված է․ «ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 713 որոշման համաձայն ՀՀ Տավուշի մարզի 65 բնակավայրերից 46-ը սահմանամերձ են»։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը չի կարողացել նշել Տավուշի 65 և սահմանամերձ 46 բնակավայրերը, որովհետև Տավուշի մարզի բնակավայրերը միշտ եղել են 62-ը։

Էրդողանը՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական պակտի մասին

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շարքուլ-Ավսատ» թերթի գլխավոր խմբագիր Ղասան Շարբելին տված հարցազրույցում։

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են կնքել, փաստաթղթի տակ ստորագրել են երեք երկրների առաջնորդները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտներում։

Էրդողանի խոսքով՝ երեք երկրների կնքած համաձայնագիրը հիմնված է խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ դրա նպատակը տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է, ոչ թե որևէ մեկին հակադրվող ռազմաքաղաքական բլոկի ձևավորումը։

Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Լոռեցիները երկար տարիներ նշում են ՀԱՀԳԲ-ի (ASALA) գործունեությանն առնչվող հիշարժան տարեթվերը։ Այս տարին ևս բացառություն չէր։ ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն ընդունված է նշել օգոստոսի 7-ին։
Այդ օրը 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում գործողություն իրականացվեց, որի ընթացքում զոհվեց ԱՍԱԼԱ-ի անդամ Զոհրաբ Սարգսյանը, ավելի ուշ մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքչյանը։ Հետագայում օգոստոսի 7-ը հաստատվեց որպես ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օր։

Երախտիքի տուրքն այս տարի էլ մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի առջև, որը բացվել է 12 տարի առաջ՝ Պողոս Հակոբյանի, Վահե Միկիչյանի և Ռազմիկ Մադարյանի բարերարությամբ, օծմամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի։

Ներկաներին հիշեցվեց, որ ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թվականի հունվարի 20-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Սկզբում կազմակերպությունը գործել է «Գուրգեն Յանիկյանի բանտարկյալի խումբ» անվամբ, այնուհետև ստացել է ԱՍԱԼԱ անվանումը։ Հիմնադիրների թվում առավել հաճախ նշվում են Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան), ինչպես նաև Հակոբ Տարաքճյանը և մի այլ սփյուռքահայ գործիչներ։ Կազմակերպության հայտարարած նպատակներն էին՝ Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պահանջել փոխհատուցում, հասնել հայկական պատմական տարածքների հարցի քաղաքական լուծմանը։
1970-ականների երկրորդ կեսից մինչև 1980-ականների կեսերը ԱՍԱԼԱ-ն իրականացրել է բազմաթիվ զինված գործողություններ՝ հիմնականում թուրք դիվանագետների և թուրքական պետական թիրախների դեմ՝ տարբեր երկրներում։ Այդ գործողությունների ընթացքում զոհվել կամ վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք, հատկապես՝ 1983 թվականի Փարիզի Օրլի օդանավակայանում կազմակերպած պայթյունի ժամանակ։ Այդ պատճառով տարբեր պետություններ և միջազգային կառույցներ ԱՍԱԼԱ-ին դասել են ահաբեկչական կազմակերպությունների շարքը, իսկ նրա նախկին անդամները և համակիրներն այն ներկայացրել են որպես ազգային-ազատագրական զինված շարժում։ Այս վեճը մինչ օրս շարունակվում է` արդյո՞ք կարելի է պատմական արդարություն հաստատելու համար վտանգել քաղաքացիական անձանց եւ արդյո՞ք տեռորը կարելի է արդարացնել` եթե այն բխում է ազգային շահերից։
Նահատակաց պուրակում հավաքված լոռեցիների, Երևանից և այլ բնակավայրերից ժամանած հյուրերի համար, սակայն, այդ պահին վեճ գոյություն չուներ։ Նրանց գնահատականը մեկն էր՝ ԱՍԱԼԱ-ի անդամները անձնազոհ մարտիկներ էին, որոնք փորձել են պաշտպանել ազգային արժանապատվությունը մի ժամանակաշրջանում, երբ հայկական պահանջները չէին լսվում։

Հոգեհանգստյան կարգը մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տաճատ քահանա Բարսեղյանի հանդիսապետությամբ։ Նա մասնավորապես ասաց. «Աստված մեզ ավանդել է՝ չունես զենք, պիտի ամեն կերպ ձեռք բերես՝ ինքնապաշտպանվելու նպատակով։ Դա է հայրենատիրության ամենակարևոր բաղադրիչը, դա են իմացել ու կատարել մեր սիրելի բանակի նահատակ մարտիկները։ Եվ Աստված նրանց զորավիգ է եղել։ Արցախյան հիմնահարցում մեզ պակասեց հենց այդ գլխավորը՝ հայրենատիրության գիտակցումը»։ Ապա Տերունական աղոթքը հնչեց քաջարի նահատակների հիշատակին։

Գնահատանքի ու խոնարհումի խոսք ասացին Վանաձորի երկրապահ կամավորական միության նախագահ Ռազմիկ Մադարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գրքի հեղինակ, անդրանիկագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը։ Նրանք մանրամասնորեն հիշեցին ԱՍԱԼԱ-ի ստեղծման ու գործունեության պատմությունը, գնահատեցին բոլոր մարտիկների հայրենաշահ գործողությունները։ Հատուկ ընդգծեցին, որ այդ մարտիկները շատ երիտասարդ էին։ Նրանք անգամ չէին տեսել իրենց պատմական հայրենիքը, նրանք ահավոր եղեռնից փրկված մեր հայրենակիցների զավակներն էին, որոնք կամավոր ընտրել էին հայրենիքին զոհաբերվելու փորձությունը։

Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց հայրենիք ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման և կրթական ծրագրերում ներգրավման առիթով, որով մեծապես նպաստ է բերվում սփյուռքահայ երիտասարդների ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի կազմակերպիչ հանձնախմբի անդամներին և Թեմակալ առաջնորդներին՝ հայագիտական սույն ծրագրի իրագործման համար։

Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային-հոգևոր կյանքի խնդիրներին և Հայոց Եկեղեցու գործունեությանը։

Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ

Կենտրոնա-Աֆրիկյան Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Բրյունո Ֆուշեն իր նստավայրում երիտասարդ կանանց մասնակցությամբ հաճախակի երեկույթներ է անցկացրել, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը աուդիտ սկսի նրա գործունեության հետ կապված։ Այս մասին հայտնում է Le Canard enchaîné-ն։ Համաձայն հաղորդման, 24 թվականի սկզբից մինչեւ այս տարվա գարուն ընկած ժամանակահատվածում դեսպանն իր կեցավայր է հրավիրել 20-30 տարեկան 30 կոնջ, որոնց մի մասը նրա մոտ են մնացել նաեւ գիշերը։ Մշտական այցելությունները անհանգստացրել են ֆրանսիական ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք ուղարկվել էին Բանգի՝ դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին զեկույց ստանալուց հետո՝ ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը սկսել է ծառայողական քննություն։

Արդյունքում՝ բացահայտվել են մի շարք էական խախտումներ։ Ու չնայած դրան՝ Ֆուշեն շարունակում է պաշտոնավարել որպես դեսպան։ Գործի հետ կապված հետագա ընթացքը կախված է բացառապես ԱԳ նախարար Ժան-Նոյել Բարոյի կեցվածքից, ասված է հոդվածում։